Հովհաննեսը Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր: Դա նաև Անդրեասի և Պետրոսի քաղաքն էր: Մենք ծանոթ ենք նրա ընտանիքի երեք անդամի ևս` նրա եղբայր Հակոբոսին, հորը` Զեբեդեոսին և մորը` Սողոմեին: Եթե Զեբեդոսը Սողոմեի` սբ. Մարիամ Աստվածածնի քրոջ ամուսինն է, ինչպես ենթադրում են, ապա Հովհաննեսը պետք է Հիսուսի զարմիկը լինի: Հովհաննեսը առաջիններից մեկն էր, որ հետևեց Հիսուսին: Նրա անունը նշված է իբրև այնպիսի մեկը, որին Հիսուս սիրում էր (Հովհ.21.20), և Տիրոջ երեք մտերիմներից մեկն էր (Մարկ. 5.37): Նրան կոչում են նաև որոտման որդի (Մարկ. 3.17): Տիրոջ և մյուսների հետ ունեցած հարաբերություններում եղել են սեր, հավատարմություն և անզուսպ եռանդ: Առաջին անգամ նրան հանդիպում ենք Հուդայի երկրում, որտեղ շտապել էր միանալու Հովհաննես Մկրտչին: Սակայն Գալիլիայում է նա պատասխան տալիս պարզ ու որոշակի մի կանչի. թողնում է ամեն ինչ ու հետևում Հիսուսին և ընտրվում տասներկուսի կազմում: Պետրոսի, Անդրեասի և Հակոբոսի՝ իր եղբոր հետ, միշտ առաջինն է աշակերտների շարքում: Հավանական է, որ Հիսուսի և Նիկոդեմիոսի զրույցը կայացել է նրա տանը: Հովհաննեսը մասնակցում է տասներկու առաքյալների՝ Մատթոսի Ավետարանի 10-րդ գլխում նկարագրված առաքելությանը: Եղբոր հետ պատրաստ է վանելու նրան, ով խրատում է Հիսուսի անունից (Ղուկ. 9.49): Եվ անհավատներին բուռն պատժելու ցանկությամբ նա էլ է եղբոր պես ուզում, որ կրակ թափվի սամարացիների մի գյուղի վրա (Ղուկ. 9.52-54): Երկու եղբայրները խնդրում են իրենց մորը Հիսուսին ներկայացնելու իրենց աղերսը` կապված այն դիրքի հետ, որ նրանք կուզենային զբաղեցնել Աստծո թագավորության մեջ (Մատթ. 20.20-28): Վերջին ընթրիքի ժամանակ Հովհաննեսը Հիսուսի կողքին էր` օգտվելով մտերմության արտոնությունից (Հովհ. 13.23): Հիսուսի դատավարության ժամանակ նա թույլտվություն է ստանում մտնելու քահանայապետի մոտ (Հովհ.18.15): Նա մասնակցում է Ատյանի դատին, ինչպես նաև ականատես է լինում խաչելությանը (19.26-27): Հիսուսը խնդրում է նրան հոգ տանել իր մոր նկատմամբ: Հիսուսի մահվանն ու թաղմանը հաջորդած երկու գիշերները նա անցկացրել է Պետրոսի մոտ, առաքյալներից առաջինն այցելել դատարկ գերեզման և տեսնելով հավատացել (Հովհ.20.8): Ավետարանի ավարտը ցույց է տալիս, որ քրիստոնեական դարաշրջանը սկսվելուց հետո Հովհաննեսը երկար է ապրել: Եկեղեցու պատմության առաջին տարիներին Հովհաննեսն ունենում է աննշան դեր: «Գործք առաքելոցում» նա հայտնվում է ընդամենը երեք անգամ, քանի որ նախաձեռնությունը միշտ վերցնում է Պետրոսը: Գուցե մահացել է առաջին դարի վերջին: Համաձայն գաղատացիներին ուղղված նամակի 2-րդ գլխի, նա ներկա էր, երբ Պողոսը Երուսաղեմի գլխավոր առաքյալների հետ զրուցում էր մովսեսական օրենքի բոլոր կանխադրույթները պահպանելու վիճահարույց հարցի շուրջ: Երուսաղեմի առաքելական ժողովից հետո (Գործ 15) այլևս ոչինչ չգիտենք նրա մասին մինչև Փոքր Ասիայի եկեղեցիներում գործունեություն ծավալելը, որի մասին խոսվում է 2-րդ դարից եկող ավանդության համաձայն: Հավանական է, որ նա ոչ թե թողել է Երուսաղեմը նախքան 70 թ. նրա ավերվելը, այլ հետևել է եկեղեցու 67 թ. Պիրեա տարագրվելուն և ուր Պողոսի ու նրա գլխավոր օգնականների Տիտոսի և Տիմոթեոսի մահվանից հետո հաստատվել է Փոքր Ասիայում` դառնալով լքված հոտերի հովիվ: Հովհաննեսը մահացել է հավանաբար 90 կամ 95 տարեկանում։ Իսկ երբ առաջին անգամ հանդիպել է Հիսուսին, հավանաբար եղել է 20 կամ 25 տարեկան: Եղել է բնույթով բուռն, սակայն Վարդապետի ազդեցությամբ չափավոր դարձած, Հովհաննեսը դարձավ սիրո առաքյալ, և նրա բարեպաշտությունը վարակեց նաև մյուս առաքյալներին: Ավանդության համաձայն, Հովհաննեսն իր անունը կրող Ավետարանի հեղինակն է և այն գրել է Եփեսոսում: Ավետարանի մասին առաջին ակնարկներին հանդիպում ենք 2-րդ դարի առաջին իսկ տարիներին` Իգնատիոսի, հերետիկոս Վասիլիդեսի, Հուստինոս Վկայի, Դաթիանոսի և այլոց գրվածքներում: Հովհաննեսի Ավետարանի հնագույն հատվածներից մեկը պահպանվել է 2-րդ դարի առաջին կեսից: Նույն այս դարի վերջին քառորդում Իրենիոսը, ով հաճախակի կապեր է ունեցել Փոքր Ասիայի և Գալիլիայի հետ, հաստատում է ընդհանուր այն գաղափարը, որի համաձայն Ավետարանիչն իրոք Հովհաննես առաքյալն էր: Նրա վկայությունը հաստատվում է Կղեմես Ալեքսանդրացու, անտիոքացի Թեոփիլի, Տերտուղիանոսի և այլոց կողմից: Կղեմես Ալեքսանդրացին գրում է. «Հովհաննեսը` վերջին առաքյալը, տեսնելով, որ մարմնական բաներն արդեն հաղորդել են մյուս ավետարանները, ստեղծեց հոգևոր ավետարան»: Իրենիոսը վկայում է. «Հովհաննեսը` նա, ով հենվել է Տիրոջ կրծքին, ավետարան է հրատարակել Եփեսոսում մնալու ժամանակ»:
19-րդ դարից ի վեր ավետարանի ստեղծման տարեթվի ու վայրի հարցը տեղիք է տվել բավականին բուռն վիճաբանությունների: Արմատական քննադատները նշում են, որ այն գրվել է 2-րդ դարի կեսերին: Իսկ ուղղափառ աստվածաբանները պնդում են, որ գրվել է առաջին դարի վերջին տասնամյակի մոտերքում: Այս ավետարանը մշտապես դիտվել է իբրև չորս ավետարաններից ամենաաստվածաբանականը: Սակայն այն ընկալման տեսանկյունից մատչելի է, ինչպես ամենահասարակ մարդու, այնպես էլ գիտնականի համար: Գրքի կենտրոնական լուրը համառոտ ներկայացված է վերջին էջում. այս գիրքը գրվել է, որպեսզի հավատան և հավատալով հավիտենական կյանք ունենան:
Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ